Խորհրդարանական կառավարման համակարգը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՊՏՀ Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով, Հայաստանում խորհրդարանական կառավարման անցումը դրական ազդակ է տալիս երկրի տնտեսական զարգացմանը, քանի որ խորհրդարանական երկրի ղեկավարների պատասխանատվությունն աճելու է, իսկ տնտեսական խնդիրներին նրանց արձագանքը կարող է ավելի օպերատիվ եւ արդյունավետ լինել։

Անդրադառնալով 2017թ. արձանագրված ՀՆԱ աճին՝ տնտեսագետը նշել է, թե դրան նպաստել է արտահանման մինչեւ 25 տոկոս աճը։ Արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը։

«Իհարկե մեր առջեւ ծառացած է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման, բյուջեի ծախսերի վերաբաշխման, երկրում նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն սպառոզական զամբյուղի համարժեք հարաբերակցոթյան հարցը՝ հաշվի առնելով պաշտպանության եւ կապիտալ ներդրումների, նորարարական տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը»,- ասել է տնտեսագետը։

Հնարավոր է, մոտ ապագայում անարդյունավետ հին վարկերի ռեստրուկտուրիզացիա իրականացվի, որի հիման վրա հնարավոր է լուծել որոշ սոցիալական խնդիրներ։

«Ներկայումս երկրի առջեւ խնդիր է դրված մարել մի շարք վարկեր, եւ հարկ կլինի մտածել դրանց վերակառուցման մասին»,- ասել է Թավադյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, որ ՀՆԱ աճը շոշափելի լինի ազգաբնակչության համար, անհրաժեշտ  հատել այսպես կոչված զգայունության շեմը։ Դրա համար դեռ ձեւավորված հիմք չկա։ «Անհրաժեշտ է կայուն, պերմամենտ ՀՆԱ աճ տարեկան 5 տոկոսը գերազանցող, որ արդյունքն ավելի շոշափելի լինի»«- ասելէ  Թավադյանը։