Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի շենքի դիմաց, վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Մարիա Գ.-ն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել էր:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել էր քաղաքացու մահը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է ու նախկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան:

Իրավապահները պարզել են նաեւ, որ մահացածը, ըստ նախնական տեղեկությունների «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է: