Երեւանում մարտի 10-ի երեկոյան Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի փաստով կա ձերբակալված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ձերբակալվել է 42-ամյա Լեւոն Ա.-ն. վերջինս ներկայացել է Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ երեկ՝ մարտի 10-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին: Լեւոն Ա.-ն տեղափոխվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Աղբյուրը հայտնում է, որ իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Մարիաննա» ընկերության հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լեւոն Ա.-ն չի եղել: Նա պարզապես իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը Ոստիկանության եւ քննչական բաժնի կողմից ճշտվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով 75-ամյա Մարիա Գ.-ն է մահացել է։ Վրաերթը կատարվել է «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով։ Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել եւ հայտնվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ եւ տեղում մահացել: «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: