Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության հարցում ԵՄ–ն ավելի պրակտիկ կգտնվի, կկենտրոնանա քաղաքացիների պահանջների վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության գործարկման ժամանակ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

Մոգերինիի խոսքով, անցած տարի կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը համագործակցության առումով ամբիցիաների նոր մակարդակ է առաջ բերել՝ 20 գործնական նպատակներ, որոնք պետք է իրագործվեն մինչեւ 2020 թվականը։

«Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք իրականացնել Արեւելյան գործընկերության հսկայական ներուժը»,–հավելել է Մոգերինին։

Արեւելյան գործընկերության նոր կազմակերպական կառուցվածքի գործարկումը տեղի է ունեցել մարտի 12-ին Բրյուսելում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության նոր կառուցվածքն ավելի կոմպակտ է եւ, առաջին հերթին, ուղղված է բարեփոխումների արդյունավետ իրագործմանը, որոնք քաղաքացիների համար իրական արդյունքներ են ցույց տալիս: