2011 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով ուշադրություն կենտրոնում կլինեն կրթությունը, հարկային եւ մաքսային դաշտի խնդիրները, ինտերնետի մատչելիությունն ու հայալեզու բովանդակության ստեղծումը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով` իրենց խորհուրդը հետեւում է կառավարության կողմից ոլորտի զարցացման հայեցակարգի դրույթների իրականացմանը, խորհրդի անդամները եւս նախաձեռնություններ են հանդես բերում:

«Նախ պետք է ուշադրություն դարձնել հարկային եւ մաքսային դաշտին։ Խնդիրը ոչ թե ոլորտին տրվող արտոնություններին է վերաբերում, այլեւ օրենքով նախատեսված դրույթների իրականացմանը։ Շատ են դեպքերը, երբ որոշ օրենքներ պարզապես չեն կիրառվում, մինչդեռ այդ օրենքների կիրառումը կարող է նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նոր տարում, Ա. Գրիգորյանի խոսքով, ուշադրություն կդարձվի նաեւ ՏՏ կրթությանն ու մասնագետների վերապատրաստմանը: «Մենք որակյալ մասնագետների կարիք ունենք, ինչպես նաեւ արդեն աշխատող  մասնագետների  վերապատրաստման մեծ պահանջ։ Ըստ հայեցակարգի՝ նախատեսվում է առաջիկա տարիներին 10 հազարից ավելի ՏՏ մասնագետ ունենալ Հայաստանում»,- ասաց Ա. Գրիգորյանը: