Ակտիվ փուլում է գտնվում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ներդրումների փոխանակումը: Այս մասին մարտի 12-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակիր ելույթում նշել է Սաադ Հարիրին: Ընթրիքին ներկա են նաեւ եղել Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր խոսքում ասել է. «Հարգարժան պարոն վարչապետ եւ հարգելի բարեկամներ,

Մեծ պատվով այս երեկո հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

Առաջին հերթին, շնորհավորում եմ այս ամսվա սկզբին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը:

Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջեւ մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:

Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաեւ բուհերի միջեւ ակադեմիական փոխանակում, ինչպես նաեւ ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության ոլորտներում:

Լիբանանահությունը կարեւոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական եւ արվեստի ոլորտներում:

Ակտիվ փուլում է գտնվում նաեւ երկու երկրների միջեւ ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Պարոն վարչապետ եւ բարեկամներ,

Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, եւ նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն եւ մեկ անգամ եւս ողջունում եմ Ձեր այցելությունը Լիբանանի վարչապետարան:

Կեցցե՛ն Լիբանանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները, կեցցե՛ն Հայաստանն ու Լիբանանը»: