Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր՝ մարտի 13-ին, գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական Դատարանում: Որից հետո ՍԴ-ն գնաց խորհրդակցական սենյակ, ավելի քան երկու ժամ անց սահմանադրական դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտնեց, որ տուժող կողմի դիմումի քննությունը հետաձգում է մինչեւ մարտի 16-ը: Հետաձգման պատճառը սույն գործի հետ կապված պրակտիկան ուսումնասիրելու անհրաժեշտությունն է:

Հիշեցնենք, որ Ավետսիյանների գործով կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չի առնվել: Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ, որտեղ որոշմամբ արձանագրվել է, որ քաղհայցը ենթակա չէ Քրեական դատավարության շրջանակներում քննելու, քաղհայցը կարող է քննվել Քաղաքացիական դատավարության շրջանակներում, ինչը տվյալ պարագայում հնարավորություն չի տալիս այն քննել Հայաստանում: