Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին իրականացվել է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2016 թ. ապրիլը (ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ արցախա–ադրբեջանական շփման գծում չորսօրյա ռազմական գործողությունները–խմբ): Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը վրդովված է Ուկրաինային զենք վաճառելու փաստով, սակայն դա նրան չի խանգարում Ադրբեջանին 5 մլրդ դոլար արժողությամբ զենք վաճառել, այն դեպքում, երբ ՌԴ–ն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը:

«Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ նման դեպքերում խոսքը «թեժ» փուլում գտնվող հակամարտությունների մասին, ինչպես Ուկրաինայում, որտեղ զենք է կիրառվում: Բարեբախտաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ փուլում չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, եւ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները այդ ողբերգական իրադարձությունների եւս մեկ ապացույցն են: Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչեւ 2016 թ. ապրիլը, եւ մենք պարտավոր ենք դա անել՝ այդ պայմանագրերի դրույթների համաձայն: Բայց սա այն իրավիճակն է, որ գոյություն է ունեցել մինչեւ այդ պահը, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ ապագայում այն չի իրականացվի գործող մասշտաբներով:  Իհարկե, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղ է գտել 2016 թ. ապրիլին: Այս մասին ոչ մի կասկած չկա»,–նշել է նա։