Հայաստանում մեկնարկել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, որն ուղղված է տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի եւ գործող ընկերությունների զարգացմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով, այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, ունի շատ հետաքրքիր տարբերություն այլ ծրագրերից, քանի որ հատուկ շեշտադրում են անում բարձր տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտներին:

«Դա պատահական չէ. Կառավարությանն այսօր փորձում է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ իրականացնել «ինժեներական քաղաք» « Ազգային ինժեներական լաբորատորիաներ» նախագծերը: Այս գործիքը եւս լուրջ աջակցություն է այդ ռազմավարությանը»,-ասաց Ենգիբարյանը:

Նա տեղեկացրեց, որ դրամաշնորհների ծրագրի առաջին փուլով 14 ընկերությունների դրամաշնորհներ են հատկացվել եւ արդեն կան ընկերություններ, որոնք բանակցում են մեկ մլն-ից ավելի ներդրումների շուրջ:

«Երկրորդ փուլն արդեն հայտարարված է, կտրամադրվի 9 դրամաշնորհ՝ 35 հազար եվրոյին համարժեք դրամի չափով: Դիմող լազմակերպությունները պետք է ֆինանսավորեն ծրագրերի 50 տոկոսը: Ծրագրերը պետք է լինեն ոչ ավել, քան 9 ամիս եւ պետք է հիմնականում լինեն նշված ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներ՝ մեքենայական ուսուցում, արհեստական ինտելեկտ եւ այլն: Այսինքն պարզ ծրագրերով չեն կարող մասնակցել: Ընտրությունը կատարվում է նաեւ միջազգային փորձագետների կողմից: Դիմելու համակարգն առցանց է լինելու»,-ընդգծեց Ենգիբարյանը:

Նա նկատեց, որ սոսկ լավ գաղափար ունենալը բավարար չէ այս ծրագրով օժանդակություն ստանալու համար. «Պետք է լինի գաղափար, որն արդեն կյանքի է կոչվել եւ դուք խնդիր ունեք նյութեր լրամշակելու եւ շուկա տանելու: Այսինքն արդեն պետք է ունենաք որոշակի պրոդուկտ, մշակում, եւ դա է պատճառը, որ խնդրում ենք անեւ համաֆինանսավորում, որը բարձրացնում է պատասխանատվությունը եւ դա երաշխիք է,որ ծրագիրը հաջողություն կունենա»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ գաղափարների մրցույթը կհայտարարվի մեկ ամսից, ֆինանսավորումը կլինի 15 հազար եվրոյին համարժեք եւ անհրաժեշտ չի լինի համաֆինանսավորում: