Տնտեսական զարգացումը ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության հիմնական հենասյունն է Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը:

«Կարծում ենք, փոքր ու միջին ձեռներեցությունը տնտեսության հիմքն են: ԵՄ-ն պատրաստ է եւ կանգնած է փոքր ու միջին ձեռներեցների կողքին, որոնք կարող են արժեք բերել տնտեսությանը: Մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրերի շրջանակում: Մեր հիմնական ծրագիրը «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագիրն է: Այս ծրագրով եւ մյուս ծրագրերով, ցանկանում ենք տեսնել ավելի բարելավված, առաջընթաց գրանցած ընկերություններ»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Հայաստանում մեկնարկած նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլին, Տոշկովը նշեց, որ շատ կարեւոր է նորարարական ընկերությունների համար ֆինանսների մատչելիությունը, եւ այդ ուղղությամբ ստարտափերի խնդիրների լուծմանն ուղղված դրամաշնորհներ են տրամադրվում:

«Արդեն իսկ նորարարությանն ուղղված դրամաշնորհների առաջին փուլն իր արդյունքները տալիս են: Այդ ընկերություններն արդեն բավականին զարգացել են, գրավել են շուկան, զարգացման մերծ պոտենցիալ ունեն»,-ասաց նա:

Իր հերթին GIZ-ի ներկայացուցիչ Է. Նայերը նշեց, որ դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը սկսում են առաջին փուլի հաջողությունների վրա. «Դրամաշնորհները պարզապես չենք տրամադրում ստատափերին, այլ նրանց ուղղորդում ենք, օգնում ենք զարգացնել իրենց գաղափարները, մտնել շուկաներ եւ ավելի արագ աճել: Մենք նաեւ իրականացնում ենք մենթորական ծրագրեր առաջին դրամաշնորհները հաղթածների հետ: Կարեւորում ենք ոչ միայն դրամաշնորհների տրամադրումը, այլ ողջ շղթան, այսինքն եւ ուղղորդում ենք, եւ մենթորություն ենք անում, որպեսզի նրանք ձեռք բերեն բիզնես ունակություններ եւ ուժեղ խաղացողներ դառնան շուկայում:

Մենք իրոք հավատացած ենք, որ այս ծրագրի միջոցով խթանում ենք ստատափ համակարգը, էկոհամակարգը, արդեն կան այնպիսի ընկերություններ, որոնք ծրագրի ավարտին կարող են դառնալ լուրջ միջազգային խաղացողներ:

Ինչ վերաբերում է նորարարությանը, Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, կան հիանալի բարձր տեխնոլոգիաներ, նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, որն ուղղված է տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի եւ գործող ընկերությունների զարգացմանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, մրցույթի երկրորդ փուլն արդեն հայտարարված է, կտրամադրվի 9 դրամաշնորհ՝ 35 հազար եվրոյին համարժեք դրամի չափով: Դիմող կազմակերպությունները պետք է ֆինանսավորեն ծրագրերի 50 տոկոսը: Ծրագրերը պետք է լինեն ոչ ավել, քան 9 ամիս եւ պետք է հիմնականում լինեն նշված ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներ՝ մեքենայական ուսուցում, արհեստական ինտելեկտ եւ այլն: Այսինքն պարզ ծրագրերով չեն կարող մասնակցել: