Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում հնարավոր ընտրությանը:

Կոսաչեվը նշել է, որ ցանկացած երկրում կադրային որոշումները չեն մեկնաբանվում. «Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել»:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ուշադիր հետեւել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ կարծում է, որ հայ ժողովուրդն աջակցում է այդ բարեփոխումներին: Այս մասին, ըստ Կոսաչեւի, վկայում են սահմանադրական հանրաքվեի արդյունքները. «Ռուսաստանի համար սա Հայաստանի ընտրությունն է, որը, անշուշտ, հարգում է: Իսկ ցանկացած կադրային հարցերը  բացառապես Հայաստանի ներքին որոշումն է եւ նրա ինքնիշխան ընտրությունը: Համոզված եմ, որ այն կկատարվի ժողովրդավարական ճանապարհով՝ հանրապետության Սահմանադրության համապատասխան, եւ հստակորեն կհարգվի Ռուսաստանի Դաշնության կողմից»: