Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստին պաշտպանական ճառով հանդես է եկել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին աշխատակից Մուհարեմ Դեմիրքալեն։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թուրք հետախույզն իր պաշտպանական ճառում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները Դինքի սպանության հետ կապված՝ շեշտելով, որ իրենց դեմ մեղադրանքները շինծու են։ Մուհարեմ Դեմիրքալեն խոսքն ուղղել է նաեւ Դինքի ընտանիքին․ «Հարգելի ընտանիք, ուզում եմ ձեզ դիմել։ Այս ստոր դավադրության մեջ ես որեւէ կապ չունեմ։ Որպես այս հողերում ապրող մարդիկ, դուք գիտեք, որ այստեղ մարդիկ հայտնի են դառնում սպանվելուց հետո։ Միլիոնավոր մարդիկ Հրանտին գետնին պառկած տեսնելուց հետո ասացին, որ իրենք նրա նման մեկն են ու Հրանտը նրանցից մեկն է։ Իհարկե, այդ ամենը Հրանտին հետ չի բերի, սակայն որքան էլ որ ցավալի է, որոշ մարդիկ իրենց մահով մարդկությանը օգուտ են տալիս»։

Դատական նիստի շարունակությունը նշանակվել է մարտի 15-ին։