Կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված «Լավ երեկո» հաղորդման աղմուկ հանած ռեպորտաժը մտահոգություն է առաջացրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մոտ: 

«Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով եւ շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք», - այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, թե 2000 թվականին, երբ ինքն արդարադատության նախարար էր, ՔԿՀ-ներ մուտքը լրագրողների համար ավելի ազատ էր, իսկ այժմ խոչընդոտներ են ստեղծվում, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Որովհետեւ այն ժամանակ սահմանափակ էր այն անձանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, եթե հիշում եք, այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ։ Այսօր յուրաքանչյուր անձ իր կրծքից կախում է բեյջ, օրինակ՝ անունը դնում elak.am կայքի լրագրող, ներկայանում է եւ ասում՝ խնդրում եմ, թույլ տվեք ես մուտք գործեմ ՔԿՀ, իսկ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի եւ պահանջում է նաեւ հատուկ վերաբերմունք», - նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն: