Հայաստանն իսկապես ռազմավարական գործընկեր եւ դաշնակից է Ռուսաստանի համար, եւ դա դիրքորոշում է, որը սատարվում է Ռուսաստանի հասարակության եւ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից:  Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը` պատասխանելով դիտարկմանը, որ, չնայած ռազմավարական գործընկերության առկայությանը, հայ վարորդների իրավունքները ՌԴ-ում ոտնահարվում են, եւ քիչ չեն նաեւ Հայաստանի քաղաքացիների արտաքսման դեպքերը:

«Ինչ վերաբերում է առանձին չլուծված խնդիրներին, ապա դրանք Հայաստանի համար բացարձակապես խտրական բնույթ չեն կրում: Այդ խնդիրները լուծվում են համապատասխան լուծումներ գտնելուց հետո»,- ասել է Կոսաչեւը:

Գնահատելով Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երկօրյա համատեղ նիստը՝ Կոսաչեւը նշել է, որ դա բովանդակալից, անկեղծ, արդյունավետ աշխատանք էր: «Մենք Ադրբեջանի հետ նման միջխորհրդարանական ձեւաչափ չունենք, եթե խոսենք տարածաշրջանի երկրների մասին: Աշխատանքի նման ձեւաչափը ձեւավորվում է միայն այնպիսի սերտ գործընկերների եւ դաշնակիցների եհտ, ինչպիսիք են, օրինակ, Ղազախստանն ու Բելառուսը»,- նշել է նա:

Կոսաչեւը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միասին աշխատում են միջխորհրդարանական վեհոժողների առավելագույն թվով. «Մենք յոթ համատեղ հարթակ ունենք, որոնցից յուրաքանչյուրում արդեն իսկ կառուցողական փոխգործակցություն է հաստատվել: Մենք շատ լուրջ ու խորքային կերպով զարգացրել ենք համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում: Երկօրյա աշխատանքների արդյունքներով հիման վրա ես կարող եմ նշել, որ մենք տարակարծիք չենք եղել քննարկվող հարցերից եւ որեւէ մեկի դեպքում: Հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Ռուսաստանում»: