Շիրակի Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով:

Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար մանկավարժները ներդնում են անհրաժեշտ բոլոր ջանքերը: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, առատ տեղումների եւ հաճախակի արձանագրվող ձնաբքի ու փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու եւ զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը:

Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսեւորել: Դասավանդող ուսուցչի՝ Անուշ Աղայանի գնահատմամբ՝ դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել եւ շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ:

«Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարևորում է կրթությունը»,- նշում է  դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը:

Հավելենք, որ դպրոցը համակարգիչները ձեռք է բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ: