Դատապարտյալի մարված տույժը իրավական հետեւանք չի առաջացնում, բայց ազդում է եզրակացություն կազմելիս: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի նիստերում որոշումներ կայացնելիս հաճախ վկայակոչվում է դատապարտյալի տույժեր ունենալու հանգամանքը, մինչդեռ օրենքով 6 ամիս անց տույժերը մարվում են:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է իրավական հետեւանք չառաջացնող փաստը առաջացնել հետեւանք դատապարտյալի համար, նախարարը պատասխանեց. «Տույժի առկայությունը, եթե այն մարված է, իրավական հետեւանք չի առաջացնում, հետեւանք առաջացնում է մեկ այլ բան: Ասենք մեկը ամեն 6 ամիսը մեկ կատարում է լուրջ խախտում եւ տույժի է արժանանում, դա ազդում է ձեր գնահատականի վրա: Հավատացեք, որ դուք երկու տարբեր ձեւով կգնահատեք սպանություն կատարած անձին, ում դատվածությունը մարված է եւ անձին, որ երբեւէ հանցագործություն չի կատարել: Իրավական առումով նրանք հավասար են, բայց ձեր հոգու խորքում գնահատականները կարող են տարբերվել: Նույն այս իրավիճակում է, մարված տույժն իրավական հետեւանք չի առաջացնում, բայց դա կարող է ազդեցություն ունենալ եզրակացություն կազմելիս: Անձի վարքը ազդում է որոշում կայացնող հանձնաժողովի անդամների վրա»: