Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշերի շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է «Mosshoes 2018» կոշիկի եւ կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «Mosshoes» միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին եւ խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական եւ փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ եւ այլ արտադրատեսակներ։

Նախորդ տարի գարնանը եւ աշնանը կայացած «Mosshoes» էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են շուրջ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

«Mosshoes»-ը Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետեւելու միջազգային միտումներին եւ, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։ 

Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» եւ «Բեբետա» ապրանքանիշերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։