Իտալական «Անաս» ընկերությունների խումբը շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման եւ շահագործման ծրագրին: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանին:

Կառավարությունի NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման եւ շահագործման ծրագրին:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը եւ ընդգծել, որ կառավարությունը կարեւորում է ենթակառուցվածքային այս կարեւոր ծրագրի իրականացումը եւ պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ: Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: