Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 16-17-ը կայցելի Ուկրաինա եւ կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ, հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը:

Մարտի 16-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, հոգեւորականներ։

Օծումից հետո Գարեգին Երկրորդը կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որը տեղի կունենա «Hyatt Regency» հյուրանոցում:

Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Կարապետ Ղարիբյանի փոխանցմամբ՝  Գարեգին Երկրորդի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին տեղի կունենա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Կիեւում կառուցվող տաճարը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը: