Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիային S-400 զենիտահրթիռային համակարգերի մատակարարման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք արձանագրել ենք նաեւ Թուրքիայում S-400 զենիտահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ ստորագրված պայմանագրի կատարումը եւ ռազմատեխնիկական համագործակցության առկա այլ հեռանկարային հարցեր», - ասել է Լավրովը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարարի հետ կայացած բանակցություններից հետո: «Մենք նշել ենք, որ մեր համագործակցության այս բոլոր ոլորտները զարգանում են նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ավելացրեց ՌԴ նախարարը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները S-400 զենիտահրթիռային համակարգերի մատակարարման վարկային պայմանագիր էին ստորագրել: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հայտարարության համաձայն՝ Անկարան այս համալիրի երկու մարտկոց է գնում, որոնք կսսպասարկվեն թուրքական անձնակազմի կողմից:

Ընդ որում, կողմերը պայմանավորվել են այս ոլորտում տեխնոլոգիական համագործակցության մասին՝ Թուրքիայում զենիտահրթիռային համակարգերի արտադրության համար: