2018 թվականին Երեւանի ջերմային էկետրակայանի համակցված գազագոլորշային ցիկլով էներգաբլոկի արդիականացմանը 18 մլն դոլար կուղղվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ ասաց  «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արկադի Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում կապիտալ վերանորոգման աշխատանքներից բացի,  ծրագրվում է գազատուրբինային կայանքի արդիականացում, որի հետեւանքով բլոկի հզորությունը 7 ՄՎտ-ով կաճի, իսկ օգգ-ն կմեծանա  1 տոկոսով:

Ներկա պահին գազատուրբինային կայանքի հաստատված հզորությունը կազմում է 180 ՄՎտ, իսկ գազագոլորշային կայանքինը՝ 63,6 ՄՎտ: Էներգաբլոկի հզորության հանրագումարը կազմում է 243 ՄՎտ, իսկ օգգ-ն՝ 50 տոկոս: «Ջերմաֆիկացիոն ռեժիմում աշխատելու դեպքում, այսինքն՝ այն պահին, երբ Հայաստանում սկսվում է ջերմային էներգիայի օգտագործումը, բլոկի օգգ-ն կկազմի 73 տոկոս, ինչը համարվում է շատ բարձր ցուցանիշ»,- ասաց Արկադի Գեւորգյանը: Նա նշեց, որ բլոկը 580 հեկաջոուլ ջերմային էներգիա արտադրելու հնարավորություն ունի:

Երեւանի ՋԷԿ-ի էներգաբլոկը կառուցվել է Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 250 մլն դոլար: Բլոկն ապահովում է Հայաստանում էներգիայի սպառման գրեթե 25 տոկոսը: Շահագործման հանձնելու պահից էներգաբլոկն արտադրել է ավելի քան  12 մլրդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա, այն աշխատում է բնական գազով: