Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը «երկաթե տիկին» Անգելա Մերկելին չորրորդ անգամ կանցլերի պաշտոնում է հաստատել Բունդեսթագում նրա ընտրվելուց հետո: Այս քաղաքական դիմակի տակ քողարկվող կինը մինչ օրս հանելուկային է մնում. կանցլերը մշտապես համառորեն պաշտպանել է իր մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը: Ներկայացնում ենք Գերմանիայի կանցլերի կյանքի մի քանի հետաքրքիր փաստեր:

Գերմանական «Կոմերիտմիության» ագիտացիայի եւ քարոզչության քարտուղար

Ապագա դաշնային կանցլերի ծնողները մանկության տարիներին չեն պնդել հասարակական կյանքում դստեր ակտիվ մասնակցության հարցում, դե իսկ պիոներ դառնալ նրան ոչ ոք չի ստիպել: Այդուհանդերձ, նա ուսումնառության արդեն երկրորդ տարում կամավոր մտել է պիոներության շարքերը:

Այնուհետեւ անդամակցել է Գերմանական ազատ երիտասարդական միությանը եւ համալսարանում սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքին. նա զբաղեցրել է ագիտացիայի եւ քարոզչության քարտուղարի պաշտոնը:

Այդպես էլ ֆրանսերենին չի տիրապետել

Չնայած արեւմտյան երկրների հետ ԳԴՀ-ի բարդ հարաբերություններին, դպրոցում աղջիկը նախընտրել է սովորել ֆրանսերեն: Սակայն լեզվին այդպես էլ չի տիրապետել, քանի որ դասավանդողն ամուսնացել է կանադացու հետ եւ նրա մոտ մեկնել: Եվ նրան փոխարինող չեն կարողացել գտնել:

Ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, լեզուն սովորելու համար ժամանակ չի գտնվել, չնայած ցանկություն եղել է եւ հիմա էլ կա: Ելիսեյան պայմանագրի ստորագրման 50-ամյակը նշելու հանդիսավոր արարողության ժամանակ Անգելա Մերկելը շարունակ կրկնում էր, որ երիտասարդները պետք է տիրապետեն Գերմանիայի պատմական գործընկերոջ լեզվին, եւ որ ինքն ափսոսում է, որ ֆրանսերեն չգիտի: Նա տիրապետում է անգլերենի եւ ռուսերենի, որը դպրոցում նրա սիրելի առարկան էր:

Մերկելը ֆիզիկոսներին սիրում է

Անգելա Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է: 1986 թվականին նա «գերազանց» պաշտպանել է «Կապերի պարզ խզմամբ տարրալուծման ռեակցիաների մեխանիզմի հետազոտություն եւ քվանտաքիմիական ու վիճակագրական մեթոդների հիման վրա դրանց արագության հաստատուն մեծության հաշվարկ» թեմայով թեզը:

Նրա առաջին ամուսինը, ում ազգանունը կրում է, նույնպես ֆիզիկոս էր: Չնայած նրանց ամուսնությունը փլուզվել է, ֆիզիկայի եւ ֆիզիկոսների նկատմամբ սերը չի մարել: Մերկելի երկրորդ ամուսինը՝ Յոահիմ Զաուերը, նունպես ֆիզիկոս է: Ավելին՝ նա քվանտային քիմիայի ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկն է:

Շներից վախենում է

Չնայած «երկաթե» ղեկավարի կերպարին, ինչպես ցանկացած մարդ, Անգելա Մերկելը եւս իր ֆոբիաներն ունի: Մասնավորապես՝ լրատվամիջոցների տեղեկություններով, կանցլերն ամենեւին ներքին եւ արտաքին քաղաքականության մրցակիցներից չի վախենում, այլ շներից:

Ֆոբիան հայտնվել է 1995 թվականին տեղի ունեցած դեպքից հետո, երբ հեծանվով զբոսանքի ժամանակ որսորդական շունը կառչել է նրա ոտքից:

Թվում է՝ դե ում հետ չի պատահում, սակայն ամեն ինչ ավարտվել է իսկական ֆոբիայով: Հիմա Մերկելի աշխատակազմը նախապես ընդունող կողմին զգուշացնում է կանցլերի այս վախի մասին, այս պատճառով նրա հետ հանդիպումների ժամանակ ոչ մի շուն չի լինում:

Միակ մարդը, որն այս կանոնն անտեսում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2007 թվականի հունվարին նա Մերկելին հրավիրել էր Ղրիմի իր ամառային նստավայր: Երբ նրանք կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, սենյակ է մտել Պուտինի Կոնի շունը: Մերկելին հաջողվել է հանդարտությունը պահպանել, բայց նա նկատելիորեն լարվել է: Դրանից մեկ տարի առաջ Պուտինը Մերկելին թավշյա շուն էր նվիրել՝ վզակապով:

Հիանում է Ամերիկայով. «Ինձ միշտ գրավել է ամերիկյան երազանքը»

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը դեռահաս տարիքից հիացել է ԱՄՆ-ով, ինչի մասին խոստովանել է 2009 թվականին ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ. «Ինձ միշտ հիացրել է ամերիկյան երազանքը՝ հաջողության հասնելու հնարավորություն բոլորի համար, հնարավորություն գնալ քո ճանապարհով՝ ապավինելով միայն սեփական ուժերին»:

Երկաթյա վարագույրի ընկնելուն պես Անգելա Մերկելը շտապել է իրականություն դարձնել իր երիտասարդության երազանքը: 1990 թվականի ամռանը նա մեկնել է Քալիֆորնիա հանգստանալու Յոահիմ Զաուերի հետ միասին, ում հետ այդ ժամանակ դեռ ամուսնացած չէր:

«Մենք չենք մոռանա, թե ինչպես առաջին անգամ տեսանք Խաղաղ օվկիանոսը: Դա պարզապես հիանալի էր»,- հիշում է նա:

Շատ է սիրում SMS

Ոչ բոլոր ժամանակակից առաջնորդներն են սիրում նոր տեխնոլոգիաները: Այնուամենայնիվ, Անգելա Մերկելը եւս չի կարող պարծենալ, որ ժամանակին համընթաց է քայլում, սակայն աշխատում է շատ հետ չմնալ:

Օրինակ՝ բոլորին հայտնի է, որ մեկ օրվա ընթացքում նա իր աշխատակիցներին հանձնարարություններով տասնյակ SMS-ներ է ուղարկում, ինչպես նաեւ պահանջում է նույն կերպով հայտնել իրեն այս կամ այն հանձնարարության պատրաստ լինելու մասին, թեեւ նրա հեռախոսը միշտ անձայն ռեժիմում է գտնվում:

Անվտանգության նկատառումներով էլեկտրոնային փոստից չի օգտվում: Բացի այդ, նա նոթբուք չունի: Միակ զիջումը դարձել է iPad-ը, որի օգնությամբ կանցլերը լրատվական կայքեր է կարդում եւ հետեւում բորսային տատանումներին:

Գերմանիայի կանցլերը չունի իր սեփական տունը

Անգելա Մերկելը հրաժարվել է կանցլերի համար նախատեսված ծառայողական տուն տեղափոխվել եւ իր ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ միասին ապրում է Բեռլինի կենտրոնում գտնվող մեծ բնակարանում: Ուշագրավ է, որ այս բնակարանը նրանց չի պատկանում. նրանք ամուսնու հետ այն վարձակալում են:

Նախընտրում է խիստ ոճը

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա Կանցլերի սկզբունքայնությունն այս պարագայում էտալոնի է հասնում: Նա գրեթե երբեք զգեստներ եւ կիսաշրջազգեստներ չի հագնում, իսկ իր սիրած տաբատային կոստյումները միշտ որոշակի տոներում են:

Ֆրաու Մերկելի պահարանի ձեւավորմամբ զբաղվում է նրա անձնական դերձակը՝ Բեթինա Շյոնբախը: Իսկ նրա ոճաբանը՝ Փեթրա Քելերը, միշտ ուղեկցում է կանցլերին, անգամ՝ ամենակարեւոր ընդունելությունների ժամանակ:

Անփոփոխ է նաեւ կանցլերի սանրվածքը, ինչին հետեւում է Մերկելի անձնական վարսահարդար Ուդո Վալցը, ով, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքին, միշտ ժամանակ է գտնում Մերկելի նման կարեւոր հաճախորդի համար: Նաեւ հայտնի է, որ Գերմանիայի կանցլերը դիմահարդարման միջոցներ գրեթե չի օգտագործում:

Երբեմն նա կորցնում է սառնասրտությունը

Անգելա Մերկելը հայտնի է յուրաքանչյուր իրավիճակում սառնասրտություն պահպանելու ունակությամբ, ֆլեգմատիկ բնավորությամբ եւ «հանգիստ ուժով»: Նրա սեղանին մի փոքրիկ արծաթազօծ շրջանակ է դրված՝ «In der Ruhe liegt die Kraft» գրառմամբ (թարգ.՝ «Ուժը հանգստության մեջ է»):

Այնուամենայնիվ, երբեմն նա նյարդայնանում է (նման դեպքերում նրա խոսքում միշտ հնչոււմ է Scheiße բառը (կեղտ)) կամ նույնիսկ սարսափելի կերպով զայրանում է, ինչպիսին 2012 թվականին իր սեփական մաշկի վրա զգացել է նրա նախարարը՝ Ֆիլիպ Րյոսլերը, երբ առանց Մերկելի համաձայնության սատարել էր Յոահիմ Գաուկի թեկնածությանը: «Կանցլերը սաստիկ աղմկում էր»,- զուսպ կերպով մեկնաբանել է Րյոսլերը Մերկելի արձագանքը: