Չորեքշաբթի Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները պաշտոնապես բացվել են միջազգային չվերթների համար, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Իրաքի վարչապետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին հայտարարել էր միջազգային չվերթերի վերականգնման մասին դեպի Էրբիլի եւ Սուլեյմանի օդանավակայաններ՝ Քուրդիստանի մարզի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո  նրանց դաշնային իշխանության ենթակայության ներքո վերադառնալու արդյունքում։

Նշենք, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ Իրաքի Քուրդիստանի հարաբերությունները սրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել  Իրաքի Քուրդիստանի անկախացմանը։ Հանրաքվեից հետո դաշնային իշխանությունները մի շարք պատժամիջոցներ էին սահմանել Քուրդիստանի ինքնավար մարզի դեմ։