Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սեւան» ազգային պարկի բարեփոխումներին եւ զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: 

Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ  գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաեւ պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սեւան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման եւ այլ ուղղություններով:    

Զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում  մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:

Կարեն Կարապետյանը կարեւորել է «Սեւան» ազգային պարկի պահպանման ու  կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ  ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաեւ համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով:  Վարչապետն անհրաժեշտ է համարել  ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաեւ  ներդրումային ծրագրերի իրականացման  համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձեւավորման եւ այլ ուղղություններով: