Եվրահանձնաժողովը մտադիր է արդիականացնել ընդհանուր վիզային քաղաքականությունը: Այս մասին չորեքշաբթի հայտնել են Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովն առաջարկել է բարեփոխել ընդհանուր վիզային քաղաքականությունը, որպեսզի այն հարմարվի անվտանգության ոլորտում առաջացող մտահոգություններին, միգրացիայի հետ կապված մարտահրավերներին եւ նոր հնարավորություններին, որոնք ստեղծվում են տեխնոլոգիակա զարգացման շնորհիվ: Առաջարկված փոփոխություններն ուղղված են ընդհանուր վիզային քաղաքականության կանոնների արդիականացմանն ու բարելավմանը, վիզաներ տրամադրելու ընթացակարգի պարզեցմանը, եւ միեւնույն ժամանակ վիզային ընթացակարգերի անվտանգության ստանդարտների ամրապնդմանը»,- նշել են ներկայացուցչությունից:

Մասնավորապես՝ ծրագրվում է կրճատել վիզային հայտերով որոշումների ընդունման ժամկետը՝ 15 օրից մինչեւ 10 օր: Նաեւ հուսալի մշտական ճանապարհորդներին կտրամադրվեն բազմակի օգտագործման վիզաներ ավելի երկարատեւ ժամկետով, որն աստիճանաբար կմեծանա մեկ տարուց մինչեւ հինգ տարի:

Այս նախաձեռնության շրջանակում նաեւ առաջարկվել է մտցնել արտաքին սահմաններին կարճաժամկետ վիզաներ տրամադրելու պրակտիկան: «Կարճաժամկետ տուրիստական ուղեւորություններին նպաստելու համար անդամ պետությունները կարող են մեկանգամյա վիզաներ տրամադրել անմիջապես ցամաքային եւ ծովային արտաքին սահմաններին՝ խիստ պայմաններով ժամանակավոր, սեզոնային սխեմաներով: Նման վիզաները վավերական կլինեն ոչ ավել 7 օր ժամկետով մնալու համար միայն վիզան տրամադրող անդամ երկրի տարածքում»,- հայտնել են ներկայացուցչությունից:

Սակայն ԵՄ երկրները հյուպատոսական մուտքը կմեծացնեն 60 եվրոյից մինչեւ 80 եվրո: Ինչպես պարզաբանել են ներկայացուցչությունից, սա պայմանավորված է հյուպատոսական անձնակազմի թվաքանակը պահպանելու անհրաժեշտությամբ՝ անվտանգության պահանջների համաձայն ստուգումներն ապահովելու եւ տեղեկակատվատեխնոլոգիական սարքավորումներն ու ծրագրային ապահովումը բարեփոխելու նպատակով: