Մեծ Բրիտանիան, Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները, այդ թվում՝  չեղարկում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված  Լոնդոն այցելելու հրավերը: Այս մասին չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է  երկրի վարչապետ Թերեզա Մեյը։

Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: