Եվրամիության առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դերը ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Reuters-ը:

Համերաշխություն հայտնելով Մեծ Բրիտանիայի հետ՝ Տուսկը նշել է, որ մինչ միջոցներ ձեռնարկելը նրանք կսպասեն Լոնդոնի քայլերին: Տուսկը Սկրիպալի թունավորումը «կոշտ հարձակում» է որակել, որի հետեւում մեծ հավանականությամբ Մոսկվան է կանգնած։

Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Իսկ արդեն այսօր՝ մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ  Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Իսկ այսօր ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: