«Հաց բերող» Արթուր Սարգսյանը եղավ ոչ թե հաց բերող, այլ լույս բերող մեզ համար։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը։

«Մարտի 16-ին լրանում է մեր շատ սիրելի Արթուրի մահվան մեկ տարին եւ երկու խոսք եմ ուզում ասել այդ առթիվ։ Արթուրը եղավ ոչ թե հաց բերող, այլ լույս բերող։ Մեր հոգեւոր զվարթնոցի հանճարեղներրից մեկն է Արթուրը, որ կտրեց խավարը ու լույս բերեց հայ ժողովրդին։ Այդ արարքով Արթուրն ապացուցեց, որ ոչ թե հզոր մարմնի մեջ է մեր ուժը, այլ հզոր հոգու մեջ։ Այնպես որ հանուն Արթուրի եւ հանուն հայ ժողովրդի պածառ ապագայի, Արթուրի տեսակը պահելու համար մենք պետք է պայքարենք»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։

Պավլիկ Մանուկյանը խոսքն ուղղելով դատավորին ասաց որ ողջամիտ ժամկետների մասին են խոսում, սակայն դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ փորձում են մոլորեցնել ժողովրդին։

«Ողջամիտ ժամկետ եք չէ ասում դատավարության, բայց չգիտեմ այս սատանայի կտակարանը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդին եւ մեզ զարմացնելու եւ մոլորեցնելու անիմաստ փորձ է։ Ուղղակի եթե սկզբից կարողանայիք ասել արդարացի է, թե արդարացի չէ այս ամենը, այս պատմությունը չէր լինի, մենք էլ այստեղ չէինք լինի»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դատախազի ներկայացրած ապացույցները ամբողջական չեն եւ մեղադրական տեսանկյունից են ներկայացված․ «Ես կցանկանայի, որ ամբողջական պատկերը ներկայացնող ապացույցներ ներկայացնեիք»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: