Արմավիրի մարզում մարտի 12-ի, ժամը 20:30-ի սահմանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում: shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը եւ 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի: Հ. Կարապետյանն իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել: Ոստիկանները Հ. Կարապետյանի մոտ հայտնաբերել են նաեւ 7.62 մմ տրամափաչի 2 փամփուշտ:

Մարտի 13-ին, Հ. Կարապետյանը, Հ. Բաղդասարյանը եւ Ս. Հովսեփյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում բացատրություններ են տվել, որից հետո հետաքննիչի կողմից բաց են թողնվել: Բաղրամյանի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: