ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող որոշել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ճակատագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԻՐՆԱ» գործակալությունը, պակիստանյան Geo Tv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ Թրամփը միջազգային մակարդակում անկանխատեսելի եւ անիրատեսական որոշումներ կայացնելու սովորություն ունի: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է կատարել իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում: Ըստ Զարիֆի՝ եթե համաշխարհային հանրությունը որոշի, որ Միացյալ Նահանգների հետ կնքած միջազգային պայմանագրերը կարող են վավեր լինել միայն մինչեւ իշխանությունում այս վարչակազմի ներկայությունը, ալլեւս ոչ ոք Վաշինգտոնի հետ համաձայնագրեր չի կնքի: