ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:  Երեկոյի  ընթացքում հատուկ մրցանակով պարգեւատրվել է  1997թ- ի վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով մասնագիտացած լինելով պատմության եւ հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք կազակերպություներում եւ իր գիտական ներդրումների համար արժանացել բազմաթիվ պարգեւների:

19–րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը /1809-1898թթ/ մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։

Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին, որը նպաստելու է Գլադստոնի ժառանգության հետագա ուսումնասիրությանը եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, նվիրատվությունը ծառայելու է ցեղասպանության թեմայով ցուցահանդեսի կազմակերպմանը: Ցուցահանդեսը մեկնարկելու է Երեւանում եւ այնուհետեւ շրջելու է աշխարհի տարբեր երկրներում:

2017թ. մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել էր Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է Գլադսթոնի գրադարանը։ Դեսպան Սարգսյանը հանդիպում էր ունեցել Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի եւ գրադարանի ղեկավարության հետ: Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` Արմեն Սարգսյանն ասել էր, որ առկա հարուստ նյութերն ու վկայությունները հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար լավ հիմք են։