Մարտի 20-ին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Գողացված Վրուբելի վերադարձը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը նվիրված է «Սատանան եւ Թամարայի հոգով հրեշտակը» կտավի վերադարձին, բացի կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի 20-ը (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ կտավի շնորհիվ փորձ կարվի վերանայել այս թանգարանի գործառույթն ու ամբողջ հավաքածուն: «Մենք կփորձենք այնպես անել, որպեսզի թանգարանն ավելի մատչելի լինի Հայաստանի քաղաքացիների եւ մեր երկիրն այցելող զբոսաշրջիկներ համար: Ինչ-որ իմաստով այս նկարը հրեշտակային նվեր դարձավ թանգարանի համար: Նման ցուցահանդես ունենալով քաղաքի կենտրոնում՝ մենք կկարողանանք այցելուների թվի աճ ապահովել»,- ասաց Ամիրյանը: Միեւնույն ժամանակ, նա վստահություն հայտնեց, որ Վրուբելի կտավը հզոր խթան կհանդիսանա թանգարանին նոր շունչ հաղորդելու գործում:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն իր հերթին նշեց, որ այս կտավը չափազանց մեծ արժեք ունի թանգարանի համար՝  ինչպես գեղարվեստական, այնպես էլ պատմական տեսանկյունից:

Բացման արարողությանը ներկա էր նաեւ Տրետյակովյան պետական պատկերասրահի ռեստավրացման բաժնի փոխտնօրեն Ինա Սոլովովան, ով կտավը գտնելուց հետո զբաղվել էր դրա վերականգնամբ: «Ինձ մի տուփ բերեցին: Ես բացեցի այն եւ տեսա նկարի կտորները: Նկարի վիճակն ուղղակի ողբալի էր: Այնտեղ մի քանի խոշոր եւ ավելի մանր՝ 1-2 միլիմետրանոց կտորներ էին: Սակայն մեզ հաջողվեց հավաքել կտավը՝ առանց այն վնասելու», - ասաց Սոլովովան: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք վերականգնումից հետո կտավի գինը չի ընկնի, Սոլովովան ասաց՝ ոչ եւ, ըստ նրա, վերադարձվելուց հետո դրա գինը կարող է նույնիսկ աճել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փորձագետը շեշտեց, որ վերականգնման գործընթացը տեւել է 7 ամիս: Բացի այդ, նա չբացառեց, որ կտավը կարող էր գողացված լինել որեւէ մեկի պատվերով:

Ասուլիսի ժամանակ Արմեն Ամիրյանը Իննա Սոլովովային պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով՝ ոսկե մեդալով:

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել է Միխայիլ Վրուբելի՝ Հայաստանից գողացված «Սատանան եւ Թամարայի հոգով հրեշտակը» կտավը: