Մարտի 14-ին Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Յուլի հետ։

Զրուցակիցները, կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձեւաչափով Հայաստանի եւ Դանիայի միջեւ կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարեւորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին:

Հանդիպման օրակարգում էին տարբեր բնագավառներում հայ-դանիական փոխգործակցության մի շարք հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության հիմնախնդիրներ:

Էդվարդ Նալբանդյանը Դանիայի խորհրդարանի ղեկավարի տեղակալին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: