Շիրակի պետական համալսարանի դասախոսներ  Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին ազատել են աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս,  քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ  ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը առանց իրենց նախապես տեղյակ պահելու է ազատել աշխատանքից:

«Պարոն Մինասյանի նշած պատճառաբանության համաձայն վստահությունս կորցրել եմ եւ թույլ եմ տվել այնպիսի արարքներ, որ չեմ կարող այդ աշխատանքը շարունակել։ Այսինքն՝ քաղաքացիական օրենսգրքի հոդվածներով է ինքն ինձ մեղադրում, առանց դատարան դիմելու: Ինքն  իր յուրայիններից կազմված, օրենքի խախտումներով էթիկայի հանձնաժողով է ստեղծել եւ նրանց կայացրած որոշման հիման վրա էլ ինձ եւ պարոն Խորիկյանին առանց տեղյակ պահելու ազատել է աշխատանքից»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ իրենց աշխատանքից ազատելու իրական պատճառն այն է, որ վերջին  կես տարվա ընթացքում ինքը եւ Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնում էին Սահակ Մինասյանի կողմից բուհում թույլ տված խախտումների մասին, որոնք քրեորեն պատժելի են. «Սակայն վերջերս պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանն ունի շատ հզոր հովանավոր ի դեմս ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանի: Վերջերս  արդեն պարոն Մինասյանի եւ Մկրտչյանի լեքսիկոնը նույնն է՝ երկուսն էլ մեզ խորհուրդ են տալիս դիմել դատարան: Մինասյանի մոտիկները արդեն խոսում են, որ այս ամենի հեղինակը Լեւոն Մկրտչյանն է, ով խորհուրդ է տվել մեզ աշխատանքից ազատել եւ Մինասյանը հետեւել է այդ խորհրդին: Մինասյանը բեսպրեդել է, թքած ունեն օրենքների վրա»:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ իրենք իրենց փաստաբանների  հետ խորհրդակցելուց հետո կորոշեն հետագա անելիքները: Նրանք անպայման դիմելու են իրավապահ մարմիններին: