Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով, գրում է Reuters–ը։

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդներս, դատապարտում ենք մարտի 4-ին Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների վրա հարձակումը։ Ռուսաստանի կողմից մշակված ռազմական նշանակության նյարդային թույնի օգտագործումը Երկրորդ պատերազմից ի վեր նյարդային թույնի օգտագործման առաջին դեպքն է Եվրոպայում։

Սա հարձակումը է մեծ Բրիտանիայի ինքնիշխանության վրա եւ պետության կողմից այսպիսի գործողությունները Քիմիական զենքի մասին կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի  ակնհայտ խախտում է, ինչպես նաեւ սպառնում է մեզ բոլորիս»

Չորս երկրները կոչ են արել Ռուսաստանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը լիարժեք հասանելիություն տրամադրել  «Նովիչոկ» նյարդային թույնի ծրագրին։

Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Իսկ արդեն մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ  Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Իսկ մարտի 14-ին ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ, ապա խոստացել հայելային պատասխան տալ ռուս դիվանագետների արտաքսմանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ Մոսկվան բրիտանացի դիվանագետներին կարտաքսի՝ ի պատասխան Լոնդոնի համանման գործողությունների:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: