ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը  Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է ԱՄՆ-ի էներգետիկ համակարգին ուղղված կիբեր հարձակման կազմակերպման մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ներքին անվտանգության դեպարտամենտի եւ ՀԴԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Ռուսաստանի կառավարության կիբեր դերակատարների ներխուժման բազմաստիճան արշավը» նպատակաուղղված էր փոքր առեւտրային օբյեկտների ցանցերին, որտեղ նրանք վտանգավոր ծրագրային ապահովում են տեղադրել, ֆիշինգ են անցկացրել եւ ցանցի էներգետիկ սեկտորին հեռակա հասանելիություն են ստացել:

Հայտարարությունը համընկել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման մասին հայտարարության հետ:

Ռուսաստանից 19 անհատների եւ 5 կազմակերպությունների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները ենթադրում են, որ ցուցակի անդամներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների տարածքում նրանց գույքը եւ ակտիվները կարող են առգրավվել: Միեւնույն ժամանակ, ամերիկյան գործարարների համար նրանց հետ գործարար հարաբերությունները արգելվում են, նշում է «Ամերիկայի ձայնը»:

Նոր ցանկի առաջին մասում հայտնվել է  «Կոնկորդ Մենեջմենթ» ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որը ավելի շատ հայտնի է որպես  «Պուտինի խոհարար» եւ համացանցի հետազոտությունների գործակալության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Նրանք բոլորն արդեն հիշատակվել են փետրվարի 16-ին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Վաշինգթոնի դաշնային դատարան ներկայացված մեղադրական եզրակացության մեջ: Մեղադրանքները ներկայացվել են ութ հոդվածներով, ներառյալ ԱՄՆ դեմ ուղղված դավադրությունը եւ համացանցային խարդախությունը: