Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը սուբսիդավորում է բանկերին, ինչը սխալ է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, փոխարենը ճիշտ է դիզվառելիքի սուբսիդավորումը, որը ՀՀ նախագահի հանձնարարականն էր. «Միակ բանը, որ արվել է գյուղացու համար, դա է, թեեւ գյուղացին դեռ էֆեկտը չի տեսել, բայց անպայման կտեսնի: Դեռ չեն ստացել սուբսիդավորումը»,-ասաց Բերբերյանը:

Գյուղատնտեսության ոլորտում հաջորդ կարեւոր խնդիրը, ըստ ՀԿ ղեկավարի, տոմատի մածուկի արտադրության վերականգնումն է, որի համար պետք է պայքարել մորմազգու ծեծի դեմ, ինչը գյուղնախարարությունը չի անում, թեեւ ունի գումարներ բույսերի պաշտպանության համար:

«Եթե մենք Արարատյան դաշտավայրում ավիացիոն 7 սրսկում անեինք, այսօր մորմազգու ցեցի խնդիր չէինք ունենա, եւ պղպեղի արտադրությունը կավելանար, եւ լոլիկի, եւ բադրիջանի, եւ կարտոֆիլի: Ցեցը ակտիվանում է հուլիս-օգոստոսին, եթե ուսումասիրեք, կտեսնեք, որ ցեցը հնձում է լոլիկի դաշտը: Իրար վրա են գցում, խնդիրը չի լուծվում: Թունաքիմիկատի տեսակ կա, որ կենդանիներին վնաս չի տալիս»,-ասաց Բերբերյանը:

Նշենք, որ Կառավարությունը դեռ նախորդ տարվա աշնանը հավանություն է տվել Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, պայմանների բարելավման միջոցով:

Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի եւ գյուղատնտեսական կոոպերատիվների տնտեսվարողներին վարկերը կտրամադրվեն 3 տոկոս տոկոսադրույքով: