ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում   տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական  աշխատանքներին  նվիրված խորհրդակցություն, որը  վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ  վարչապետի գլխավոր խորհրդական  Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ու Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար եւ ինժեներական անձնակազմը:

Քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված  աշխատանքները, շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Մասնավորապես քննարկվել են տուրբինային եւ ռեակտորային արտադրամասերում նախատեսված շինմոնտաժային եւ կարգաբերման աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը: Այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի մեծածավալ մատակարարումների ընթացքը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ   տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

Նշենք, որ  մարտի 28-ին Մեծամորում կանցկացվի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների, ինչպես նաեւ 2018թ. ապրիլի 14-ից մեկնարկող պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական միջոցառումների ընթացքը: