Այն հարցին, թե ինչ է ինքը մտադիր անել ամերիկյան պատժամիջոցային ցուցակում ներառվելու կապակցությամբ, Եւգենի Պրիգոժինը պատասխանել է, որ առաջին հերթին իր աշխատակիցներին արգելել է փակցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որտեղ նա ժպտում է, հայտնում է ՌԲԿ-ն։

«Միայն տխուր լուսանկարներն ու Վլադիմիր Վլադիմիրիի լուսանկարներից առնվազն 10 մ հեռավորության վրա»,-ասել է նա։

Պրիգոժինը նաեւ հայտնել է, որ այն աշխատակիցների համար, որոնք ունեն ամերիկյան քաղաքացիություն կամ գրին քարտ, վենդինգային ավտոմատով սուրճը վճարովի է լինելու։

Գործարարը նաեւ հայտնել է, որ «Մաքդոնալդս» այլեւս չայցելելու որոշումից հետո ուրախությամբ կդիտարկեր «Բլին, Դոնալդս» ցանցի գործարկումը։ «Բայց ներկա իրավիճակում, պատժամիջոցային պայմաններում «Բլին, Դոնալդս» ցանցը չի կարողանա պայքարել ԱՄՆ Պետդեպարտամենտի դեմ։ Ինչպես գիտեք, 2002-ին հենց այս նախագծի մեկնարկն էր դարձել Ռուսաստան- ԱՄՆ հարաբերությունների վատացման պատճառ ։ Ցանցը փակվել էր հենց դրա աշխատանքին ամերիկացիների գլոբալ միջամտության պատճառով»,- ասել է Պրիգոժինը։

Մարտի 15-ին ԱՄՆ Ֆիննախը հրապարակել է նոր պատժամիջոցային ցուցակ, որում մասնավորապես ներառված են այն ռուսաստանցիները, որոնց Վաշինգտոնը ավելի վաղ մեղադրել էր ընտրություններին միջամտելու մեջ։