Հայաստանը միջտարածաշրջանային էնոտուրիզմ (գինու տուրիզմ) կզարգացնի Մետաքսի ճանապարհի շրջանակում։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության հարցերով պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ եւ Սմիթսոնովյան ինստիտուտի աջակցությամբ մշակվում է գինու երթուղու հայեցակարգը, որը ուղարկվելու է այն երկրների տուրիստական գերատեսչություններ, որոնք ցանկանում են միանալ Մետաքսի ճանապարհի «Էնոտուրիզմ» նախագծին։ Նախաձեռնութան հեղինակը  ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպությունն (UNWTO) է։

 «Մենք մշակել ենք ռազմավարություն Հայաստանի ներքին շուկայի համար ու հիմա նպատակ ունենք ընդլայնել այն տարածաշրջանում՝ միջտարածաշրջանային տուրիզմի զարգացումն ու միջմշակութային երկխոսությունների զարգացումը խթանելու համար»,- նշել է Զեյթունցյանը։

Նրա գնահատականով՝ Հայաստանի համար այդ նախագիծը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ երկիրը ներկայանում է որպես գինու հայրենիք։ Էնոտուրիզմը նպաստելու է թե ներքին, թե միջտարածաշրջանային տուրիզմի զարգացմանը, քանի որ գինու երթուղու նպատակն է ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել գինու միջոցով։ «Գինու երթուղին ենթադրում է ոչ միայն այցելություններ գինու գործարաններ , այլեւ , ինչպես եւ ցանկացած այլ զբոսաշրջային երթուղի, ներառելու է այլ բաղադրիչներ, այդ թվում ծանոթացում մշակութային, բնական հուշարձաններին ու այլ միջոցառումներ»,- պարզաբանել է պաշտոնյան, հավելելով, որ գինու երթուղին ինտեգրվելու են Հայաստանի համայնքները

Հիշեցնենք, որ «Մեծ մետաքսի ճանապարհ» երկարաժամկետ զբոսաշրջային նախագիծը մշակել է UNWTO-ն։