Բրիտանական խորհրդի հետ բոլոր համատեղ կրթական ծրագրերը Ռուսաստանում դադարեցվել են մինչեւ Ռուսաստանի տարածքում այդ կազմակերպության կարգավիճակի մասին որոշման կայացում։ Այս մասին հայտնել է ՌԴ կրթության ու գիտության նախարար Օլգա Վասիլեւան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ տարածքում Բրիտանական խորհրդի գործունեության դադարեցման համաձայն՝ բնականաբար դադարեցվելու են նաեւ Բրիտանական խորհրդի հետ համատեղ կրթական ծրագրերը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը կդադարեցվի մինչեւ «դրա կարգավիճակի մասին իրավասու մարմինների կողմից որոշման ընդունումը»

Միացյալ Թագավորության ՝ մշակութային կապերի ու կրթական հնարավորությունների հարցերով միջազգային կազմակերպությունը Թվիթերում հայտնել է, որ Բրիտանական խորհուրդը տեղեկացված է Ռուսաստանի որոշման մասին։

Ռուսաստանի Դաշնության խորհրդում հայտնել են, որ Ռուսաստանի պատասխանը Մեծ Բրիտանիայի գործողություններին ավելի կոշտ է եղել Լոնդոնի «քաղաքական անպատկառության» պատճառով։

Բացի դրանից Պետդումայում նշել են, որ բրիտանացի 23 դիվանագետների արտաքսումը ենթադրվող իրադարձություն էր ու ռուսական ԱԳՆ-ի կողմից հարկադրված քայլ էր, ի պատասխան այն քայլերի, որոնք Մեծ Բրիտանիան է ձեռնարկել։ Դա հայելանման պատասխան էր Լոնդոնի ընտրած դիրքորոշմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում նշել էր, որ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ու  պահանջել, որ մեկ շաբաթվա ընթացքում երկրից հեռանան 23 բրիտանացի դիվանագետներ, նաեւ փակել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատորսարանը ու դադարեցրել  Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը։