Փաստաբանների պալատը մի քանի օրվա մեջ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ:

Առաջինը Պալատը հարուցել էր մարտի 14-ին՝ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, երկրորդը հարուցել է այսօր՝ մարտի 17-ին, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցի վերաբերյալ: Ըստ Պալատի տարածած հաղորդագրության՝ կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու այն հանգամանքը, թե հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» եւ «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը ուր է հասել» արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, թե՞ ոչ, եթե այո, ապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվության միջոցով փաստաբանների պալատի մասին նման որակումներ տալը (արտահայտություններ կատարելը) նպաստո՞ւմ է արդյոք փաստաբանի մասնագիտության բովանդակության եւ հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձեւավորմանն ու ամրապնդմանը, թե՞ ոչ»:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք այս կերպ Փաստաբանների պալատը փորձում է ճնշում գործադրել փաստաբանի գրասենյակի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործի հետ կապված, Տիգրան Աթանեսյանը նկատեց. «Ղալաթ կանի մեկը՝ կփորձի ինձ վրա ճնշում գործադրել, կլինի պալատ, թե ցանկացած այլ մարմին, թքած ունեմ իրենց կարգապահականների վրա: Կիրականացնեմ իմ շահերի դատական պաշտպանություն: Սրանք իրավական տեսանկյունից պարզապես ծիծաղելի, խայտառակ որոշումներ են»:

Դիտարկմանը, թե Պալատը ինչու է անընդհատ հենց իր նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցում, Տիգրան Աթանեսյանն արձագանքեց. «Սա նշանակում է, որ իմ պայքարը պալատ կոչվածի դեմ տալիս է իր արդյունքները, իրավական տեսանկյունից նորից եմ նշում՝ սրանք ծիծաղելի որոշումներ են»: