Վանաձորի Ավտոմատիկա գործարանի տարածքում այսօր՝ մարտի 17-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Նշենք, որ Լոռու մարզի փրկարար վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 12.54-ին ավտոմատիկա գործարանի աշխատակիցների կողմից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել արտադրամասերից մեկի տարածքում: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պարզվել է, որ այրվում է 65 քմ տարածքով արտադրամասերից մեկի տանիքը, որտեղ առկա են եղել վտանգավոր ներկանյութեր:

Մեկ ժամից ավելի տեւած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հնարավոր է եղել հրդեհը մեկուսացնել: Այրվել է տանիքն ամբողջությամբ, ինչպես նաեւ արտադրամասի վառարանների մեջ կուտակված ներկանյութերը:

Դեռեւս պարզ չէ, թե ինչից է առաջացել հրդեհը: Հետաքրքրական է, որ վերջին մի քանի ամիսներին նույն գործարանի տարածքում սա երկրորդ հրդեհի դեպքն է: Առաջինը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերին, այն ժամանակ հրդեհի ծավալներն ավելի մեծ էին:

Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում