Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթվա սկզբին կհավաքվի Ռուսաստանի կողմից հայտարարված պատասխան գործողությունների հարցով հետագա քայլերը քննարկելու համար։ Այս մասին նշված է Բրիտանիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 
«Ռուսաստանի նախկին քայլերի լույսի ներքո մենք կանխատեսում էինք այսպիսի պատասխան, եւ Ազգային անվտանգության խորհուրդը կհանդիպի հաջորդ շաբաթվա սկզբին` հետագա քայլերը քննարկելու համար: Մեր առաջնային խնդիրն է հոգալ Ռուսաստանում մեր աշխատակիցների մասին եւ օգնել նրանց, որոնք վերադառնում են Միացյալ Թագավորություն»,-նշված է հայտարարության մեջ։ 
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում նշել էր, որ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել 23 բրիտանացի դիվանագետների ու  պահանջել, որ մեկ շաբաթվա ընթացքում նրանք երկրից հեռանան, նաեւ փակել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցրել  Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը։