Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան Տաթեւ Գասպարյանի մահվան գործով մարտի 17-ին դատարանում հարցաքննվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած անոթային վիրաբույժ, փորձագետ Տիգրան Սուլթանյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ նստավայրում Սուլթանյանը պատմեց, որ Տաթեւ Գասպարյանի կեսարյան հատման ժամանակ, ամենայն հավանականությամբ, զարկերակ է վնասվել, որը տրոմբվել է, ինչի արդյունքում էլ չի արնահոսել:

«Հետվիրահատական շրջանում պացիենտը բողոքել է ցավից, ժամը 21.00-ին սոնոգրաֆիա է արվել, խնդիր չի հայտնաբերվել, արյան հետքեր չեն հայտնաբերվել: Ժամը 01.00-ի սահմաններում ծննդկանը կրկին դժգոհել է ցավերից, կրկին սոնոգրաֆիա է արվել եւ արդեն հայտնաբերվել է արյան կուտակում 250 մլ չափով, դրա համար կրկնակի վիրահատությունն է կատարվել»,- ներկայացրեց փորձագետը:

Մեղադրող Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե ըստ գործում առկա նյութերի՝ Տաթեւ Գասպարյանը կեսարյան հատման ժամանակ կորցրել է 550 մլ արյուն, հեմատոմայի ժամանակ՝ 1 լիտր, իսկ կրկնակի վիրահատության ժամանակ՝ 300, ինչքան ժամանակում է հնարավոր այդքան արյուն կորցնել, փորձագետը պատասխանեց. «Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ, դժվար է պատկերացնել, որ հնարավոր է այդքան արյուն կորցրել կարճ ժամանակահատվածում: Հնարավոր է՝ մինչեւ ժամը 21.00-ն արյան կուտակում լիներ, բայց ոչ 1 լիտրի չափով, նույնիսկ որակավորում չունեցող մասնագետը դա կնկատեր: Հնարավոր է՝ մինչեւ այդ ժամը եղած լինի մինչեւ 100 մլ արյան կուտակում, բայց դրանից ավելին հաստատ կտեսնեին»:

Նշենք, որ ըստ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծննդկան Տաթեւ Գասպարյանի մոտ արյան կորուստի չհայտնաբերումը կարող է լինել այն պատճառով, որ Կարեն Բաղդասարյանը նեղ մասնագետ չէ: Մինչդեռ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը փաստաթուղթ էր ներկայացրել, որը վկայում էր՝ Կարեն Բաղդասարյանը համապատասխան որակավորում եւ վերապատրաստում ունի:

Մեղադրողը կրկին Սուլթանյանից հետաքրքրվեց՝ հնարավոր էր մինչեւ ժամը 21.00-ն հավաքվեր այդքան արյուն, փորձագետի պատասխանը լսելի չէր, պաշտպանական կողմն առարկեց հարցին: Մեղադրողի ռեպլիկին, թե պաշտպանական կողմի հայտարարությունը ճառի էր նման, հունից հանեց ներկա պաշտպաններից մեկին. «Այ քեզ բան»: Դատավոր Աննա Մաթեւոսյանը ստիպված էր բոլորին հորդորել հարգել միմյանց:

«Փորձագետն ասաց, որ հնարավոր էր այդքան արյուն հավաքված լիներ, բայց պաշտպանական կողմն ուղղորդեց, որից հետո փորձագետը խոսքը փոխեց»,- հայտարարեց մեղադրող Գեւորգ Գեւորգյանը:

Տիգրան Սուլթանյանը եւս մեկ անգամ նշեց, որ անհնար էր այդքան արյունը չնկատելը. «Ինձ համար զարմանալի է 1.5 մմ տրամագծով անոթից 1 լիտր արյան կորուստ, պարզապես զարմացած եմ, փոքր անոթ է, որից չէր կարող ինտենսիվ արյունահոսություն լինել, որովհետեւ ինտենսիվը լինում է մեծ տրամագծով անոթների դեպքում, գոնե 5 մմ պետք է լինի»:

Դատավորի ճշտող հարցին ի պատասխան փորձագետը նորից նշեց, որ հնարավոր է՝ կեսարյան հատման ժամանակ անոթը վնասվել է, բայց տրոմբ է ձեւավորվել, որն էլ փակել է վերքն ու վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

«Դրանից հետո տրոմբը կարող է պոկվել տարբեր ազդեցությունների հետեւանքով: Տաթեւիկ Գասպարյանի դեպքում որ պահին է տրոմբը պոկվել, հայտնի չէ»,- ասաց նա:

Հետաքրքիր է, որ դատարանում փորձագետը միայն իր ստորագրությունը տեսնելուց հետո համոզվեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել: Գեւորգ Գեւորգյանի միջնորդությամբ դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, քանի որ առկա էր հակասությունը: Նախաքննության ընթացքում Սուլթանյանը, պարզվում է, ցուցմունք է տվել, որ Տաթեւ Գասպարյանի մոտ 1.8 լիտր արյան կորուստը կարող էր կուտակվել 4-6 ժամում: Դատարանում Սուլթանյանը պնդեց, թե տեսական հարցին տեսական պատասխան է տվել: Պաշտպանական կողմն էլ նկատեց, որ քննիչը սխալ հարց է տվել, քանի որ ոչ թե միանվագ 1.8 լիտր արյան կորուստ է եղել, այլ 550 մլ կեսարյան հատման ժամանակ, 1 լիտր՝ հեմատոմայի եւ եւս 300 մլ՝ երկրորդ վիրահատության ժամանակ:

Փորձագետի հարցաքննությունն ավարտվեց: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 13-ին:

Նշենք, որ այս գործով երկու ամբաստանյալ կա՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիանա Դաղբաշյանն ու Կարեն Բաղդասարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: