Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր՝մարտի 17-ին, Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի եւ Էոստոնիայի միջեւ ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտներում։

Առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ կարեւորեց միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում հայ-էստոնական գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարեւորելով էստոնական բիզնես շրջանակների մասնակցությունը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումին:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Մկրտչյանի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Քրիստյան Փրիքի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՝ միաժամանակ կարեւորելով խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։

Դեսպանն անդրադարձավ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին, քննարկվեցին Հայաստանի եւ Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության հեռանկարները՝ կարեւորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Dեսպան Մկրտչյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը եւ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: