Երիտասարդական զբոսաշրջությունը Հայաստանում նոր թափ է ստանում։ Մարտի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով, Հայաստանի զբոսաշրջային հոսքի ընդհանուր կառուցվածքում վերջին 10 տարում երիտասարդների բաժինը  6 տոկոսից աճել է մինչեւ 35 տոկոսի՝ համաձայն 2017 թ. արդյունքների:

Սակայն, դեռեւս Հայաստանի կողմից առաջարկվող զբոսաշրջային ապրանքները հետաքրքիր են մեծամասամբ 50 տարեկանից բարձր անձանց։ «Եվրոպայից Հայաստան են գալիս մեծամասամբ զբոսաշրջիկներ, որոնք նախընտրում են ինտելեկտուալ ժամանցը, նրանց հետաքրքրում է երկրի մշակույթը, պատմությունը»,-ասաց նա։ 

Բացի այդ, Հայաստանն սկսել է գրավել երիտասարդներին, հատկապես այնպիսի ուղղություններով, ինչպիսին գաստրոնոմիական զբոսաշրջությունն է։ «Վիճակագրությունը բարելավվում է, դա ուրախացնում է»,-նշեց Զեյթունցյանը։