Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած դիվանագիտական եւ տնտեսական միջոցառումների փաթեթը մտածված է, կենտրոնացված, բայց դժվար թե լրացուցիչ տնտեսական ճնշում գործադրի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վլադիմիր Պուտինի շրջապատի վրա: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով բրիտանացի վերլուծաբաններին:

Բրիտանացի վերլուծաբանները համակածիք են, որ նրանք ավելի ուժեղ արձագանք էին ակնկալում Ռուսաստանի գործողություններին: «Կրեմլը դա ընդունելու է որպես թույլ արձագանք: Պուտինը հազիվ թե դրանից մտահոգվի», - ասում է Chatham House-ի փորձագետ Մաթյե Բուլեգը:

Միեւնույն ժամանակ, բրիտանական պաշտոնյաները նաեւ կարծում են, որ պատասխանն արդար է, սակայն լրացուցիչ տարբերակները մնում են, եթե Կրեմլը չփոխի իր վարքագիծը:

Թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիայի կողմից արտաքսվող 23 դիվանագետները կազմում են դեսպանատան աշխատակիցների 40 տոկոսը, ինչը բավականին շատ է: Նշվում է, որ դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին թույլատրել են մնալ, քանի որ Մեծ Բրիտանիային Սիրիայի հարցով զրուցակից է պետք, նույնիսկ եթե քննարկումներից շատերը անցնեն ՄԱԿ-ում:

Բացի այդ, Մեյն ասել է, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում թիրախավորել Մեծ Բրիտանիայում գտնվող ռուսներին, այն դեպքում, որ ֆինանսական միջոցների մասշտաբը սահմանափակ է:

Ինչպես եւ սպասվում էր, Ֆուտբոլի աշխարհի գավաթի բոյկոտը սահմանափակվում է նախարարներով եւ թագավորական ընտանիքի անդամներով:

Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիան միշտ ակտիվ է միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն, Մեյը միեւնույն է զգուշավոր էր իր հայտարարությունում եւ համաշխարհային առաջնորդներին որեւէ կոնկրետ պահանջ չներկայացրեց:

Վերլուծաբան Ջոնաթան Էյալի կարծիքով, հնարավոր է, Մեյը ոչինչ չի խնդրել, «քանի որ հաճախ մերժումը նեղացնում է», նկատի ունենալով այն, որ Ֆրանսիան եւ Գերմանիան պատրաստ են երկխոսություն սկսել Պուտինի հետ:

Այդպես է կարծում նաեւ վերլուծաբան Մալքոլմ Չալմերսը, ով կարծում է, որ այլ երկրների համար շատ ավելի բարդ կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել ինչպես Բրիտանիան,  օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հազիվ թե գարնանը չեղյալ հայտարարվի իր այցը Մոսկվա:

Պաշտոնյաները խոստովանում են, որ գործնական աջակցությունը, որը Մեծ Բրիտանիան կկարողանա ստանալ առաջիկա ամիսներին, մասամբ կախված կլինի իր գործընկերներին համոզելուց, որ Ռուսաստանն է պատասխանատու հարձակման համար, եւ ոչ թե անհայտ ոչ պետական սուբյեկտը: