Կարեն Կարապետյանն անբավարար է համարել Արարատի մարզում ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի ընթացքը եւ հորդորել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք գյուղատնտեսությանն այսօր տնտեսական լեզվով ասած գումար ենք տալիս եւ ավելի քիչ գումար ենք վերցնելու: Երբ երկու տոկոս դրամով վարկը, այն պարագայում, երբ մեր գնաճը 2.6 տոկոս է, նշանակում է, որ մենք 100 դրամ տալիս ենք, վերջում այդքան էլ չենք վերցնելու: Այդ ծրագրերը՝ ինտենսիվ այգին, գյուղատնտեսության տեխնիկայի լիզինգ, կաթիլային համակարգ, հակակարկտային համակարգ, գումարած մեր ունիվերսալ ծրագիրը՝ 3-10 մլն՝ 5 տոկոսով եւ սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Գյուղատնտեսության պատասխանատուները պետք է օր ու գիշեր դրա մասին մտածեն ու անհանգիստ լինեն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ անանսպահության ոլորտի զարգացման նպատակով առաջիկայում ներկայացվելու է սուբսիդավորման նոր փաթեթ:

Զեկուցվել է, որ մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում 32475 աշակերտով  կոմպլեկտավորվել է 1610 դասարան: Աշակերտների թիվն անցած տարվա  համեմատ  ավելացել է 519-ով, իսկ դասարանների թիվը՝ 10-ով: Վարչապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների, ձեռնարկատիրություն, ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը: