Չինաստանի 13-րդ գումարման Ժոովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանում պատգամավորները Լի Կեցյանին երկրորդ ժամկետով վերընտրել են Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 2964 պատգամավոր, դեմ՝ երկուսը:

Լի Կեցյանի թեկնածությունն առաջադրել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը մեկ օր առաջ երկրի ղեկավարի պաշտոնում վեընտրվել էր երկրորդ ժամկետում: Հաստատվելուց հետո վարչապետը կառաջարկի իր տեղակալների, Պետխորհրդի անդամների, նախարարների, հանձնաժողովների նախագահների, Չինաստանի Ազգային բանկի նախագահի, գլխավոր աուդիտորի եւ քարտուղարության պետի թեկնածուներին:

Լի Կեցյանը ծնվել է 1955 թվականին Անհոյ արեւելյան նահանգում, 20 տարեկանում անդամագրվել է Չինաստանի Կոմունիստական կուսացությանը: Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաեւ Չինաստանի Տնտեսագիտական ակադեմիան: